«Անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…»
28.04.2020 | 00:12
ԱԶԴԱԿՆԵՐ
Կոմիտասի հիվանդությունը, որ հետո պիտի ախտորոշվեր որպես manie de persecution՝ հալածախտ, ուներ պատճառներ և ուներ պատրվակներ, դրդիչներ:
Անկարայի կայարանի մոտ ձերբակալվածներին սպասում էր 44 երկձի բեռնասայլ: Նստեցրին 5-ական հոգի ու մեկական զինված պահակ: (Թվաբանությունը հուշում է, որ այստեղ հայերի թիվը 220 էր):
Քանի որ Կոմիտաս ու Գրիգորիս վարդապետներից զատ կային ևս երեք հոգևորականներ՝ Հովհաննես վարդապետ Կարապետյանը, Հուսիկ քահանա Քաջունին ու Վարդան քահանա Կարագյոզյանը, թուրքերը «պատիվ» արեցին ու նրանց տրամադրեցին զսպանակավոր կառք՝ մեկ զինվորի ուղեկցությամբ:
Երբ բոլորը տեղավորվեցին, հայերից, նրանց հսկող հարյուրավոր զինվորներից, սպաներից, բանտապահներից, հեծյալ ժանդարմներից և 88 ձիերից բաղկացած խառնաթափորը, կառապանների մտրակների շաչոցի ու հիշոցների, ձիերի վրնջյունի, կառքերի դղիրդի ու շռինչի ուղեկցությամբ, փոշու ամպ բարձրացնելով շարժվեց դեպի Գասթեմունիի նահանգ:
Երեկոյան կողմ հասան Ռավլի վայրի մոտ գտնվող մի խան, և թուրքերը հրամայեցին կարճատև դադար առնել: Այդ «մեծահոգությունն» ամենևին պայմանավորված չէր ուժասպառ, քաղցած ու ծարավից տոչորվող հայերի մասին հոգատարությամբ, պետք է ջուր տային… ձիերին:
Ջրհոր կար, և կառապաններն ու հեծյալ ժանդարմները նետվեցին դրա վրա: Բայց քանի որ ընդամենը վեց դույլ կար, վեճ ու ծեծկռտուք առաջացավ նրանց միջև: Օգտվելով իրարանցումից, երկու ճարպիկ հայ երիտասարդներ դույլերից մեկը փախցրին ու վազելով եկան դեպի բախտակիցները: Բնականաբար, առաջինը մատուցեցին Կոմիտասին, որը շատ ուրախացավ: Բաժակ չկար, ու երիտասարդները ծանր դույլը բարձրացրին դեպի վարդապետի շուրթերը: Ճիշտ այդ պահին մոտեցավ հեծյալ ժանդարմներից մեկը ու հարվածեց դույլին: Ջուրը թափվեց, մի քանի կաթիլ ցայտեցնելով Կոմիտասի դեմքին: Ապա ժանդարմը կռացավ ու վերցրեց դույլը: Կենտրոնական բանտի և աքսորականների քարավանի պետ Իբրահիմը հարցրեց.
-ՈՒ՞ր ես տանում դույլը:
-Մեր հայվաններին պետք է ջուր տամ,-պատասխանեց ժանդարմը:
-Չէ, թող, նախ էս հայվաններին պետք է ջրել:
Կոմիտասն այլայլվեց: Նա, ում ծափահարել էին Եվրոպայի, Կովկասի, Եգիպտոսի, Թուրքիայի բեմերում, հիմա պարզ հայվան էր: Երգի աստվածը վերածվել էր բիրտ ուժի ենթակա սովորական ֆիզիկական անձի, շարքային անասունի, որի կյանքը ձիուց էժան էր:
Դա հաջորդ ծանր հոգեբանական հարվածն էր, որը խաթարեց Կոմիտասի ներաշխարհը:
Ի հայտ եկան տարօրինակություններ՝ հալածախտի նշաններ: Նրա աչքին բոլորը, բախտակիցներից զատ, վերածվեցին ժանդարմների: Մի անգամ բղավեց՝ ճանապա՜րհ բացեք, ապա փարաջայի փեշերը հավաքեց ու գլուխ խոնարհեց. ժանդարմի էր ճանապարհ տալիս, այնինչ անցնողը… սովորական կախականջ էշ էր: Մեկ ուրիշ անգամ տարագիրներից մեկի երեսին վերք տեսավ ու հարցրեց. «Ժանդա՞րմ է արել»: Երբ արդեն վերադարձել էր Պոլիս, բարեկամներից մեկին ասաց. «Չանկրիի բանտին մէջ, թյուրք ժանտարմայի մը հսկողութեան տակ, անօթի և ցրտահար բաղդակիցներս կողք կողքի կը մղկտայինք և կ՛սպասեինք ահավոր բաժանման: Ես երգի մը միջոցով հայտնեցի միտքս մեզ սպառնացող մոտալուտ բնաջնջման մասին: Այդ պահուն թուրք ժանտարմը աննկատելիօրէն ետևես մոտենալով հանկարծակի երեսիս ապտակ մը հասցուց… Կըսեն թէ ժամանակը կը դարմանէ ամէն վիշտ, բայց այդ վայրենի ժանտարմին հասցուցած նախատինքը երբէք պիտի չկրնամ մոռանալ…»: Հետաքրքիր է, որ նրա կողքին եղած ու հուշագրություն թողածներից ոչ ոք նման բանի մասին չի նշել, դա այնքան արտառոց էր, որ անպատճառ կգրեին: Մնում է ենթադրել, որ պարզապես Կոմիտասի երևակայության արդյունք էր, դույլի ու ժանդարմի հետ կապված միջադեպի արձագանք:
Ռավլիից ճանապարհը շարունակեցին դեպի Գալայճըգ (Գալեճիգ) գյուղաքաղաք: Կոմիտասը լուռ էր և ինքնամփոփ: Նախկին կենսուրախ, կատակասեր մարդուց հետք անգամ չէր մնացել: Ժամանակն անցկացնում էր հիմնականում աղոթքների մեջ: Չէր ցանկանում շփվել անգամ ընկերների հետ: Երբ նրանք մոտենում ու փորձում էին հետը խոսել, զայրացած ասում էր. «Խնդրեմ, մի՛ խանգարեք աղօթքս, զիս մենակ ձգեցեք»:
Գալայճըգից դուրս եկան և 12 ժամվա ճանապարհ անցան: Գրիգորիս վարդապետը նկարագրում է Կոմիտասի հոգեվիճակը. «Քանի մեր ճամփան կը շարունակէինք և մարդաբնակութիւններէ կը հեռանայինք, այնքան մեր հոգիները կը խռովէին և մեր մտքերը չարագուշակ մտածումներով ինքնալլկումի կ՛ենթարկուէինք: Զի ամէն ապառաժի և ամէն ծառի ետև պահուըտած աւազակներ տեսնել կը կարծէինք, և ամէն ծառէ վար ձգուած կախօրրաններ կախաղանի չուան կը կարծէինք… Հայ երգերու վարպետն ու անզուգական վարդապետը Հայր Կոմիտաս, որ մեր կառքին մէջ կը գտնուէր, արդեն մտքի տարօրինակ տրամադրութիւններ կը ցուցնէր և հաստարմատ ծառերը շարժուն և յարձակուող աւազակներ կարծելով, միշտ իր գլուխը վերակուի փէշերուս ներքև կը ջանար թագցնել, որսորդի երկիւղէն աւազի տակ գլուխը թաղող կաքաւներու նման: Կը թախանձէր, որ պահպանիչ ըսեմ իր գլխուն վրայ, յուսալով վերագտնել իր խռովայոյզ հոգիին հանդարտութիւնը»:
Ահա այս վիճակում էր, երբ ապրիլի 28-ին, Պոլսի տունթողից երեք օր անց, կտրել-անցնելով 700 կիլոմետր, հասան վերջին հանգրվանին՝ Չանկրի: Դա Գասթեմունի նահանգի մի քաղաք էր՝ շուրջ 30 հազար բնակչով, որից 40 տունը հայեր էին՝ իրենց փոքրիկ եկեղեցով:
Տարագիրների թափորը, սակայն, քաղաք չտարան, իջեցրին քառաշենք, 5000 զինվորի համար նախատեսված մի վիթխարի, կեղտոտ զորանոցում, մինչև կորոշվեր աքսորականների ճակատագիրը:
Զորանոցի նույն սենյակում Կոմիտասի հետ տեղավորվեցին Բյուզանդ Քեչյանը, Տիրան Քելեկյանը, Գրիգորիս ու Հովհաննես վարդապետները, «Ավետաբեր» պարբերականի խմբագիր հայ ավետարանական պատվելի Քերովբեյանը, բժիշկ Վ. Թորգոմյանը, 70-ամյա վաճառական Հակոբ Գորյանը և Կոմիտասի մերձավոր ընկեր Փանոսի եղբայր, սեղանավոր Հովհաննես Թերլեմեզյանը:
Երեք օր անցավ, մինչև կարգի բերեցին սենյակը, մաքրեցին աղբից ու կեղտից, լուծեցին սննդի ու կենցաղի հետ կապված ինչ-ինչ հարցեր: Բյուզանդ Քեչյանը գրում է. «Երեք շաբաթ մէկտեղ ապրելով Կոմիտաս վարդապետին հետ, սքանչացեր էի իր ֆիզիքական ու բարոյական առողջութեանը: Ո՛չ մահիճի, ո՛չ բարձի պէտք ունէր անմեղ մանկան խոր և անծակ քունը քնանալու համար: Լեզուն միշտ մաքուր ու զուարթ, սակաւապէտ, բարեհամբոյր և վհատողներուն սիրտ տուող, նաև վերջին ծայր յարգող պատշաճութեանց, այնպէս որ մեր ազատութենէն ետքն ալ երբէք յանձն չառաւ ուրախ թեթև երգ մը երգել, այլ կա՛մ կրօնական և կամ ժողովրդային տխուր տաղեր միայն լսուեցան իր բերնէն»:
Չորրորդ օրը տեղի ունեցավ որքան զարմանալի, նույնքան բնական, բացատրելի մի բան՝ բոլորի մոտ առաջացավ միասնաբար աղոթելու կարիք: Մեկ այլ վերապրած՝ «Ոստան» եռամսյայի հիմնադիր-խմբագիր Միքայել Շամտանճյանը, այսպես է նկարագրում. «Մեկեն, մեր խումբին մեջ ներշնչումի մը պես կծնի հավաքականորեն աղոթելու պետքը: Իսկույն կհավաքվինք մեր բնակության սահմանված սրահը. ամենքս ալ անխտիր հոն էինք, սկեպտիկն ու հավատացյալը: Արդեն երկրորդական կմնա հավատքը, երբ մարդը ներշնչումով է որ մղված է աղոթելու: Մեկ քանի մոմերու վախկոտ լույսերուն տակ և մեր սրահին անկյուններուն խորը, արդեն թանձրորեն կռված ստվերներուն մեջ, երեսնիս արևելք, վաղվան հույսին, հսկում կկատարենք: Քահանան Ավետարանը կկարդա, պատվելին փառաբանություն կընե, աշխարհականը շարականը կ՛երգե և Կոմիտաս վարդապետը «Տեր ողորմյա»-ն կաղերսե՝ «տուր աշխարհիս խաղաղություն, ազգիս հայոց ազատություն»:
Նույն բանի մասին այսպես է խոսում Գրիգորիս վարդապետը. «Հոս Չանկըրիի մեծազանգուած զօրանոցին ամրակուռ պարիսպներուն ետև, ջարդուփշուր եղած պատուհաններէն փչող հիւսիսի սառնաշունչ գարնանային փոթորկի դէմ, մենք 150է աւելի Պոլսէն աքսորական մտաւորականներ և ընկերներ ի մի եկած, առանց խտրութեան կուսակցութիւններու և դասակարգի, հաւատացեալ թէ կրօնքի անտարբերիի և կամ թերահաւատի, մթնշաղին մոմի տմոյն լոյսի մը մէջ, ժամերգութիւն կը կատարէինք: Երբ Կոմիտաս վարդապետ սկսաւ իր մելամաղձոտ և սրտառուչ «Տէր ողորմեան» ծայր առաւ հեկեկանք մը ամէն կողմէ, որը հնար չէր զսպել: Կու լայինք ամէնքս ալ տղու պէս, կու լայինք մեր ձգած սիրելիներուն վրայ, կու լայինք մեր սև ճակատագրին վրայ, կու լայինք մեր ազգի անբախտութեան վրայ, կու լայինք անգոցած մեր արիւնի օրերուն վրայ, առանց ենթադրելու, թէ արեան աշխարհաւեր աննախընթաց նոր փոթորիկներու արդէն նախօրեակին կը գտնուէինք: Երբ ազգ ու հայրենիք ի մի հարուած պիտի փորձէին բնաջնջել մեր ցեղային դարաւոր թուրք թշնամիները: Մեր մէջէն ամենաքարացեալ սառնասիրտներն իսկ կը մասնակցէին աս ողբ ու կոծին, որ երբէք բռնազբօսիկ չէր, ընդհակառակը՝ հակառակ զսպումի ամէն ճիգերու, կու գար մեր տանջուած հոգիներու խորքերէն և յուզումէ պոռթկացող ներքին յորձանքներէն:
Թերևս տարաբախտ Կոմիտաս վարդապետ իր ամբողջ կեանքին մէջ այսքան յուզիչ երգած չէր «Տէր ողորմեան»:
Որովհետև մինչդէռ ամէն անգամ «ի պաշտօնէ» երգած էր «Տէր ողորմեան» ուրիշներու ցաւերուն, վշտերուն, սուգին առ ի մխիթարութիւն, այս անգամ, սակայն, «Տէր ողորմեան» կ՛երգէր իր իսկ վշտին, յոյզերուն ու յուզումներուն համար, հայցելով սփոփանք, մխիթարութիւն յաւիտենական Աստուծմէն, որ սակայն լուռ կը մնար»:
Այդ արարին ներկա Հայկ Խոճասարյանը հարում է. «Սրտատրոփ յուզման և խոր լռութեան մէջ սկսավ «Եկեսցէ»ի արարողութիւնը. հայ երգի հոյակապ Վարպետը համակ զգայնութիւն էր. չեմ կարծեր որ իր համերգներուն մէջ այնքան հոգի և աղերս դրած ըլլար, որքան այդ օրը: Իր երգը սկսաւ հատկտեալ արցունքներով և վերջացուց հեկեկանքով: Ան իր տառապանքը երգեց, իր սիրտը բեռեկտող ցաւերը ու լլկանքները. բանտի այդ մթին սենեակէն լալագին աղերսներով փրկութիւն կը հայցէր իրեն և ազգին համար: Երբ արարողութիւնը վերջացավ, մեր աչքերը արցունքներով թրջած էին»:
Այդպես ապրեցին յոթ օր: ՈՒթերորդ օրը թույլ տվեցին զորանոցից փոխադրվել քաղաք, այնտեղ բնակվել, սակայն առաջին իսկ պահանջի դեպքում ներկայանալու պայմանով:
Ո՞վ գիտե, գուցե մի օր իմ այս գրվածքը կարդան թուրքերը ու որպեսզի զեղծելով չպարծենան, թե՝ տեսեք որքա՜ն հանդուրժող, մեծահոգի են եղել մեր պապերը, թողել են, որ տարագիրներն ապրեն քաղաքում, ասեմ, որ թուրքերը ամեն մեկին օրական, ասես ցեխից շինած, մեկ հաց էին տալիս, ու որպեսզի այդ ծախսն էլ չքաշեն, թույլ տվեցին Չանկրիում ապրել: Եվ թող թուրքերը մշտապես հիշեն՝ իրենց պապերի ձեռքերը մինչև արմունկները արյան մեջ են:
Հաջորդ մեկ շաբաթվա մասին Կոմիտասի հետ կապված որևէ էական տեղեկություն չկա, հայտնի է միայն, որ Կոմիտաս ու Հովհաննես վարդապետները, խմբագրապետ Տիրան Քելեկյանը, Հակոբ Գորյանը և Հովհաննես Թերլեմեզյանը Չանկրիում վարձակալել էին Չերքեզյանի տունը: Սակայն կա Չանկրիում Կոմիտասի անցկացրած վերջին օրվա մասին:
Այդ օրը՝ մայիսի 9-ի կիրակի, Կոմիտասը պատարագ էր մատուցում քաղաքի եկեղեցում, որտեղ ներկա էին թույլտվություն ստացած 30 հայեր: Բացակայում էր Բ. Քեչյանը, որին իր մոտ էր կանչել մյութեսարիֆը՝ գավառապետը, և հայտնել, որ ինքը, Կոմիտաս վարդապետը, պատվելի Քերովբեյանը, դեղագործ Հակոբ Նարկիլեճյանը, «Կավռօշ» երգիծաթերթի խմբագրապետ Երվանդ Թոլայանը (այս մարդուն հետագայում դեռ կհանդիպենք Փարիզի Լիոնյան կայարանում), ատամնաբույժ Վահան Ալթունյանը և երկու սպասավորներ ներքին գործոց նախարարի հրամանով ազատ են արձակվել:
ՈՒ՞մ շնորհիվ էր Կոմիտասն ազատություն ստացել: Շրջանառվում են տարբեր անուններ՝ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաու և Աբդուլ Մեջիդ, փոստի ու հեռագրատների նախկին նախարար Ոսկան Մարտիկյան և նույնիսկ գերմանացի սպա Միլլեր: Կարելի է ենթադրել, որ տարբեր մարդիկ են բարեխոսել, բայց գրեթե կասկածից վեր է, որ էական դեր են խաղացել դեսպանն ու վերջին խալիֆը:
Կոմիտասն ու յոթ բախտակիցները չէին միայն, որ ազատ արձակվեցին, տասնյակ այլ մարդիկ էլ Պոլիս վերադարձան, և խնդիրն ամենևին Թալեաթի մարդասիրությունը չէր: Մայրաքաղաքում գտնվում էին դեսպանատներ, միջազգային կառույցների և օտարերկրյա մամուլի ներկայացուցիչներ, որոնք ունակ էին ձևավորելու անբարենպաստ հասարակական կարծիք: Թալեաթը չէր կարող հաշվի չնստել այս իրողությունների հետ, նա չէր կարող աքսորականների խմբի հետ վարվել այնպես, ինչպես Արևմտյան Հայաստանում և Անատոլիայի հայաբնակ քաղաքներում ու գյուղերում, որտեղ հայությունը գազանաբար հոշոտվում էր: Ընդհակառակը, տարագիրների խմբին նա օգտագործում էր որպես առևտրի առարկա՝ որքան շատ խնդրեին իրեն, բարեխոսեին, միջնորդեին, այնքան դրական կերպար կունենար:
Բ. Քեչյանը՝ ազատման թույլտվությունը ձեռքին, շտապեց Չանկրիի եկեղեցի: Նա գրում է. «Կոմիտաս վրդ. վերջին Աւետարանը կը կարդար: Աւետարանը համբուրելու համար տքթ. Թորգոմեանի հետ իրեն մոտենալով, ըսինք թէ շուտով պատրաստուի և հետերնիս գայ, որովհետև ազատման հեռագիրը եկաւ: Պատուական պատարագիչին դէմքը յանկարծ տարօրինակ պայծառութեամբ մը շողաց: Իր ուրախութիւնը չէր կրնար ծածկել նոյն իսկ խուռն բազմութեան առջև, ինչ որ կը ցուցնէր թէ մեր վիճակը ո՛րչափ երկիւղ պատճառած էր իրեն»:
Նույն դրվագի մասին Հ. Խոճասարյանը գրում է. «Պատարագէն վերջ ուրախութեամբ շրջապատեցինք Վարդապետը, ինքն ալ ուրախ էր. ամիսներէ ի վեր առաջին անգամ իր դէմքին վրայ ժպիտի մը թեթև ցոլքը կը նշմարէինք, մտերմօրէն խօսեցաւ մեզ հետ և յուսադրական բառեր ալ ըսաւ: Բայց հետևեալ առաւօտ իր մեկնման պահուն նորէն մռայլ մտածումներ գրաւած էին իր միտքը, հալածանքի սևեռուն գաղափարը նորէն կը չարչարէր զինքը: Արցունքներով ճամբու դրինք, գիտէինք որ քայքայուած ու հիւանդ կը վերադառնար»՛:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ